Հայտարարություններ » ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ 50-ՀԱՏՈՐՅԱ ԱՆԹՈԼՈԳԻԱՅՈ

ԼՂՀ  Սահմանադրությունը ներկայացվել է Կովկասի ժողովուրդների իրավունքի անթոլոգիայի 21-րդ հատորում, որը լույս է տեսել Դոնի Ռոստովի “Ալթայիր” հրատարակչությունում: Հատորը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100 ամյակին:

Անթոլոգիայի հրատարակումն իրականացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության գծով ակադեմիան` Հյուսիսային և Հարավային Կովկասի երկրների մի շարք գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների, պետական և մասնավոր համալսարանների համագործակ­-ցությամբ: Հայաստանի իրավունքի հուշարձաններին նվիրված տվյալ հատորի հեղինակն է նշված անթոլոգիայի խմբագրական խորհրդի անդամ, Կովկասի իրավաբանների ասոցիացիայի վիցե-պրեզիդենտ, “Միավորված Հայեր” կուսակցության նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը: Միաժամանակ նշում ենք, որ 2014 թվականին նույն պայմաններում լույս էր տեսել անթոլոգիայի 20-րդ հատորը, որն ամփոփում էր նույն հեղինակի ավելի վաղ շրջաններին նվիրված “Հայ իրավական մտքի ակունքները”:Այն ընդգրկում էր հայկական իրավական մտքի զարգացման մի փուլ “Սրբազան ծեսերի երկիր” Արատտայից Շումերա-Աքադական քաղաքակրթության միջով ընդհուպ մինչև Արարատյան /Ուրարտական/ թագավորության անկումը:

Ինչպես նշվում է 21-րդ հատորի անոտացիայում, սույն հրատարակությունը իրավամբ կարելի է կոչել “Հայկական արդարադատության տաճար”: Տվյալ հատորի բազմաթիվ պատմա-իրավական փաստաթղթերում, արխիվային նյութերում ինչպես նաև գիտական ուսումնասիրություններում տրվում է I-XYI դարերի հայկական իրավունքի հուշարձանների ամբողջական պատկերը: Վերլուծվում են այդ հուշարձանների ստեղծման, զարգացման և կայացման պատմա-իրավական պայմանները, որոնցում ձևավորվել և իրենց կիրառությունն են գտել այդ հուշարձանները և գործել են նրանց հեղինակները:

Գրքում ընդգրկված են հայտնի պետական գործիչների, օրենսդիրների և իրավագետների ասույթներն ու արտահայտությունները նշված հուշարձանների և նրանց հեղինակների մասին: Հայ իրավունքի այդ հուշարձանները, որոնց զգալի մասը առաջին անգամ է ներկայացվում ռոսալեզու ընթերցողին, ներկայացված են հատորի հավելվածում:

Գրքի ծանոթագրությունները մի հատուկ ոլորտ են կազմում, որտեղ գիտնականի անաչառությամբ և մանրակրկիտությամբ հատուկ վերլուծության են ենթարկվում և հայանպաստ լուծում ստանում բազմաթիվ կարևոր փաստեր, որոնք պատմական ամենատարբեր պայմանների բերումով աղավաղման էին ենթարկվել:

11.06.2015 թ.