Նորություններ և իրադարձություններ » Իշխանությունը վերադարձրե՛ք ժողովրդին. «Միավորված հայեր» կուսակցություն
«Մայիսյան խորհրդարանական ընտրությունները  տեղի ունեցան ընտրակեղծիքների և վախի մթնոլորտում, իսկ նման  պայմաններում գաղափարախոսությունը կյանքի կոչելը դժվար է», – այսօր` նոյեմբերի 29-ին, «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշեց  «Միավորված հայեր» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը և հավելեց. «Ստեղծված իրավիճակում «Միավորված հայեր» կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել այս ընտրություններին»:
Վերջինս նշեց, որ իրենց կուսակցությունը քաղաքական դաշտը բաժանում է երեք մասի՝ իշխանություն, ընդդիմություն և երրորդ ուժ, որն էլ ներկայացնում է իրենց կուսակցությունը:
«Երրորդ  ուժը պետականամետ է, որի հիմքում ընկած է ազգի շահը, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին՝ ինչպես նշված է սահմանադրության մեջ», – նշեց կուսակցության նախագահը` ավելացնելով. «Պետք է ոտքի կանգնեն իրապես երկրի ճակատագրով մտահոգ մարդիկ և պետք է զարթնի ժողովրդի խիղճը»:
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության այլընտրանք լինելու հարցին` Ռուբեն Ավագյանն ընդգծեց. «Իսկ ու՞մ է այլընտրանք Գագիկ Ծառուկյանը.  գործող նախագահն այլընտրանք չունի այսօր, քանի որ հենված է օլիգարխների կապիտալի և վարչական ռեսուրսների վրա»:
Միավորված հայեր կուսակցության կարծիքով  քայլեր կան, որոնք առաջնային են. «Օլիգարխները պետք է անցնեն պատմության գիրկը, պետք է կրճատվի պատգամավորների թիվը, վերացվի պատգամավորների անձեռնամխելիության ինստիտուտը»: Իսկ թե ինչպես կարելի է հասնել այս ամենին Ռուբեն Ավագյանը նշեց. «Ակտիվ պայքարի միջոցով, այդ պայքարը կուսակցությունը շարունակելու է մինչև 2018թ., մինչև հաջորդ նախագահական ընտրություններ»: