Նորություններ և իրադարձություններ » ՄՀԿ-ն շարունակում է համալրվել երիտասարդներով

Վերջերս ևս մի խումբ երիտասարդներ այցելեցին «Միավորված հայեր» կուսակցություն և խնդրեցին իրենց ընդունել կուսակցության շարքերը: Փաստն, իհարկե, շատ հետաքրքիր է. «Միավորված հայեր» կուսակցության շարքերում ԱԺ ընտրություններից հետո ակտիվացել է համալրումը, մանավանդ` երիտասարդների կողմից: Ի՞նչն է պատճառը, ի՞նչն է գրավում երիտասարդներին ընտրությունների ժամանակ հաջողություն չունեցած կուսակցությունում, քաղաքական ի՞նչ հույսեր են կապում կուսակցության հետ կամ, արդյո՞ք, հավատում են, որ վերջիվերջո ժողովուրդը կսթափվի ու կգնա երրորդ ուժի` պետականամետ կուսակցության հետևից: Այս և նման այլ հարցերի պատասխանները լրագրող Արփինե Գյոզալյանը փորձել է ստանալ երիտասարդներից:

Հասմիկ Ղուկասյան, 20 տարեկան ք. Երևան, Նոր Նորքի վարչական շրջան: Անմիջականությունը: Այս կուսակցության ոչ մի անդամի մոտ չնկատեցի, մանավանդ ընտրարշավի ժամանակ, որ իրենց վեր դասեին ուրիշներից: Դա դեռ բավական չէ, դուք տեսեք, թե նրանք ինչպիսի համոզվածությամբ էին մեկնաբանում` նախ, որ իրենք են հավատում, ապա  նոր այն ներկայացնում դիմացինին:

Քսան տարվա քաղաքական անցուդարձը ցույց տվեց, որ բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը իշխանության գալով իրենց վեր են դասում ժողովրդից` իրենց ընտրողներից, ծառայում են միայն իրենց: «Միավորված հայեր» -ի մոտ դա չեմ նկատել, դրա համար եմ նրանց միանում: Նրանց մեջ եմ տեսնում բնակչության միակ հույսը: Կարծում եմ` բոլորը կհասկանան և, վերջիվերջո, կգնան այս կուսակցության հետևից:

 

Նաիրա Սարգսյան, 20 տարեկան - ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:  Ազնվությունը: Եթե անձը ազնիվ չեղավ, ինչ արժանիքներ էլ, որ նա ունենա, գործելու է ի վնաս ժողովրդի: Ցավոք, երկրի քաղաքական մթնոլորտում անազնիվների ու դրա հետ մեկտեղ արժանիքներ չունեցողների պակաս չի զգացվում: Պետք է օգնել գաղափարապես սրտացավներին` դուրս բերելու ճահիճն ընկղմված մեր ազգը:          

Ասում են` շիտակ խոսքը սարեր շուռ կտա: Անցնելով կուսակցության շարքերը` ես հույս ունեմ ինձ շրջապատողներին ու այլոց հասցնելու իմ կուսակիցների գաղափարախոսությունը, աջակցելու նրանց` բացելու ժողովրդի աչքերը, հասցնելու նրանց դառը ճշմարտությունը: Հույս ունեմ, մարդիկ մեզ կհասկանան. մինչև ե՞րբ պետք է ծնկաչոք գոյատևենք, հայ ժողովուրդը դրան արժանի չէ:

 

Դիանա  Գալստյան, 19 տարեկան ք. Երևան, Էրեբունու վարչական շրջան: Անկեղծությունը: Մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ հանդիպեցի կուսակցության քաղաքական խորհրդի անդամներին, լսեցի նրանց խոսքը մեր քաղաքական իրականության մասին, թերահավատորեն կարծում էի, որ սրանք էլ բոլոր կուսակցությունների նման են: Սակայն հետևելով նրանց գործունեությանը, ափսոսացի, որ շուրջ երկու տարի ես ինքս ինձ անգործության եմ մատնել, չեմ համագործակցել ինձ համար հարազատ գաղափարակիցների հետ, իմ ժողովրդին փաստացի դեռ մի օգուտ չեմ տվել: Կարծում եմ` իմ ջանքերն իզուր չեն անցնի: Ես հավատում եմ հայ ժողովրդին, նրա իմաստությանը. վաղ թե ուշ` նա կհասկանա, որ 20 տարի խորապես խաբվել է, և այլևս չի գնա իրեն ծիծաղեցնողների` պոպուլիստական հայտարարություններ անողների, անհիմն խոստումներ տվողների ետևից:

 Ինձ դուր է գալիս այն գաղափարը, որ կուսակցությունը ոչինչ չի խոստանում, որ ժողովուրդը ուրիշների մասհանումներով գոյատևելու փոխարեն, ինքը ստեղծի: Իր գաղափարախոսության հիմքում դրված է ազգի շահը:

 

Արմինե  Աղասարյան, 19 տարեկան - Գեղարքունիքի մարզ, Դպրարակ: Հաստատակամությունը: Նայում եմ ինձ շրջապատող անձանց և մտածում, որ ինչու՞ մենք հասանք այն աստիճանին, որ մի քանի գրոշ ոչ թե վաստակելու, այլ ձեռք բերելու համար պատրաստ ենք ամեն ինչի: Դա հարիր չէ տաղանդաշատ հայ ժողովրդին: Մանավանդ, դա հարիր չէ այդ ժողովրդի քաղաքական գործիչներին ու կուսակցություններին: Իսկ «Միավորված հայեր»- ն, ի տարբերություն ուրիշների,  հայտարարում է իր նպատակները, մեկնաբանում դրանց անհրաժեշտությունը և ոչ մի խոչընդոտ հաշվի չառնելով` սկսում դրանք կենսագործել: Կյանքում կա՞ ավելի դրական մարդկային հատկանիշ:

Էլեն Հարությունյան, 20 տարեկան ք. Երևան, Էրեբունու վարչական շրջան: Անշահախնդրությունը: Երբ առաջին անգամ լսեցի այս կուսակցության մասին, անմիջապես մտածեցի, թե սրանք հետաքրքիր է ի՞նչ շահ են հետապնդում: Անկեղծորեն երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ, որ մի՞թե մեր օրերում էլ կան մարդիկ, չեմ ասում մի ամբողջ կուսակցություն, որ բիզնեսի օրենքներն անտեսելով, անձնական ոչինչ չեն ցանկանում. միայն` ժողովրդի շահերին ծառայել: Գուցե դա է պատճառը, որ ժողովուրդը դեռ չի վստահում կամ հավատում չափազանց անշահախնդիր մարդկանց:

Ես հուսով եմ, որ ազգային, հայրենասիրական կուսակցության կողմից իրականացվող գործունեությունը վերջապես հասանելի կլինի մարդկանց, և ես իմ ներդրումը կունենամ այդ ազգանվեր գործում:

 

Սեդա  Սարգսյան, 20 տարեկան ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան: Նպատակաուղղվածությունը: Մենք, երիտասարդ սերունդներս, նոր ենք կյանք մտնում և, ի դեմս կուսակցության ղեկավարության, տեսնում ենք, թե ինչպես են նրանք ձգտում իրականացնել իրենց նպատակները. ոչինչ, ոչ մի բան անձնականի համար, ամեն ինչ նվիրել մարդկանց և պայքարել, որ ժողովուրդը իր իրավունքների ու շահերի իրական տերը դառնա:

Ինչպես չնվիրվել այդ գաղափարներին, եթե փոքր-ինչ սիրում ես քո ազգը:

Անուշ Ղահրամանյան, 22 տարեկան ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Ծնողներս պատմում էին, որ իրենց ժամանակ բուհն ավարտելուց հետո յուրաքանչյուր երիտասարդ մասնագետ հստակ տեսնում էր, թե ինչ է իրեն սպասվում և իրենից ինչ է  կախված, որ իր ապագան ավելի լավ լինի:

Իսկ հիմա՞: Օրինակ ես` գերազանցությամբ բուհն ավարտած երիտասարդ իրավաբան եմ, ինչո՞վ կարող եմ հպարտանալ. ապագա՞յով` մի երկրում, որտեղ օրենքն ուժ չունի և որտեղ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր »: Ինձ նման քանի քանիսը կան` հայ ժողովրդի երիտասարդ զավակներ, որոնք ստիպված են իրենց ապագան փնտրել արտերկրում: Եվ դա շարունակվում է արդեն 20 տարի:

Ճանաչելով ՄՀԿ նախագահ պրոֆեսոր Ռուբեն Ավագյանին` որպես սկզբունքային, նպատակասլաց և խոսքի տեր անձնավորության, ԱԺ մայիսյան ընտրարշավի ժամանակ ես համոզվեցի, որ նա նաև այդպիսին է քաղաքական դաշտում  և չի դավաճանի իր սկզբունքները : Այդ իսկ պատճառով ցանկանում եմ դառնալ ՄՀԿ անդամ, քանի որ ինձ դուր են գալիս ՄՀԿ նպատակը, գաղափարախոսությունը, սկզբունքները և նրա վարած քաղաքականությունը:

Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Հայաստանի փրկությունը պետականամետ մտածելակերպ դրսևորող մարդկանց ու գաղափարների մեջ է :

 Հայաստանի  ապագան պետականամետ` Երրորդ ուժն է:

Ես «Միավորված հայեր» կուսակցության անդամ եմ դառնում իմ և իմ ժողովրդի ապագայի համար:

 

Հիլարի Քլինթոնը ավելի շատ յուղ լցրեց կրակի վրա

Պետքարտուղար Քլինթոնի տարածաշրջանային այցին անդրադառնում են նաև մի շարք միջազգային լրատվամիջոցներ: «Համաշխարհային սոցիալիստական վեբ կայք»-ը (World Socialist Web Site) այդ կապակցությամբ հոդված է հրապարակել, որում ասվում է.

«Կովկասում, որտեղ Ամերիկայի աշխարհաքաղաքական շահերը բախվում են Ռուսաստանի և Իրանի շահերի հետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև Արցախի շուրջը հակամարտությունը մեծանում է»: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Կլարա Վեյսը: «ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այցելեց տարածաշրջան, ավելի շատ յուղ լցրեց կրակի վրա»,- գրում է Վեյսը: Հեղինակը նշում է, որ եվրոպական երկրները և ԱՄՆ-ն օգտագործում են հակամարտությունը Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից հեռացնելու համար: «Սակայն նրանք ևս միասին չեն: Մինչ Ֆրանսիան աջակցում է Հայաստանին, ԱՄՆ-ն սերտ համագործակցում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հետ` միևնույն ժամանակ աշխատելով իր կողմը քաշել Հայաստանին:

 ԱՄՆ-ն մինչ օրս փորձել է խուսափել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վերսկսումից, քանի որ երկու երկների միջև պատերազմը կարող է վտանգել նաև Ամերիկայի և Եվրոպայի շահերը և կարող է հանգեցնել Ռուսաստանի և Իրանի հետ խոշոր առճակատման»,- գրում է հեղինակը: Նա նշում է, որ Ամերիկան վերջին տարիների ընթացքում կենտրոնացել է Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ ստեղծելու վրա: «Մոսկվայի և Վաշինգթոնի միջև լարվածությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի նախապատրաստությունները Իրանի դեմ պատերազմի համար, սպառնում են Կովկասում տարածաշրջանային պատերազմի սկսմանը, որը կարող է արագորեն վերածվել մեծ ուժերի միջև հակամարտության»,- եզրակացնում է հեղինակը:

Հեղինակի կարծիքով պատերազմի վերսկսման դեպքում Ռուսաստանը կկանգնի իր ռազմավարական դաշնակցի` Հայաստանի կողքին: Իրանը նույնպես ակնկալվում է, որ կկանգնի Հայաստանի կողքին: ԱՄՆ-ն հավանաբար կլինի Ադրբեջանի կողքին, քանի որ այն ոչ միայն էներգետիկ ռեսուրսներ ունի և հանդիսանում է կարևոր մատակարար և տարանցիկ միջանցք, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար:

 Մարատ Հակոբյան