Նորություններ և իրադարձություններ » Օսկանյանն ու փողերի լվացումը

Մոտ օրերս քաղաքական սկանդալը Վարդան Օսկանյանի կողմից փողերի հնարավոր լվացման դեպքի բացահայտումն էր: Արդյո՞ք պարոն Օսկանյանը մեղավոր կճանաչվի, կիմանանք ապագայում, սակայն այն հանգամանքը, որ նրան հրավիրել են ԱԱԾ, արդեն իսկ ինչ-որ բան ասում է: Հիշենք, որ այս պատմության մեջ պատգամավոր Օսկանյանը նախահարձակ եղավ` իր ֆեյսբուքի էջում այսպիսի գրառում թողնելով. ՙԿառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)), հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Հիմնադրման օրվանից Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան: Սիվիլիթասի գործունեության առաջին օրերից` 2008-ից սկսած` հիմնադրամը ֆինանսավորել և նրա հետ համատեղ ծրագրեր են իրականացրել Նիդեռլանդների և Լեհաստանի կառավարությունները, Նորվեգիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունները, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության զարգացման գործակալությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ինչպես նաև այլ հեղինակավոր կազմակերպություններ, կորպորացիաներ և անհատներ: Այս ամենի մասին չէին կարող չիմանալ Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցները: Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում: Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա՚:

Այս գրառմանը ի պատասխան` ԱԱԾ-ն հայտնեց գործի մի շարք մանրամասներ: ԱԱԾ հաղորդակցության մեջ ասված էր. ՙՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Քրեական գործով նախաքննություն է իրականացվում` ԱՄՆ-ում գրանցված ՙՊոլիմեր Մատերիալս՚ և ՙՀանթսման Ինթերնեյշնլ՚ կորպորացիաներին պատկանող, Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված ՙՀանթսման Բիլդինգ Փրոդաքթս՚ ՍՊ ընկերության 100% բաժնեմասը շուրջ 2.000.000 ԱՄՆ դոլարով փաստացի վաճառելու, սակայն գործարքը ոչ ճիշտ պայմանագրային ձևակերպումների արդյունքում հարկային մարմնին չներկայացնելու, դրանից հնարավոր առաջացող հարկային պարտավորությունները չկատարելու, ամերիկյան կողմի ցանկությամբ Հայաստանի Հանրապետությունում թողնված և բացառապես բարեգործության համար նախատեսված այդ գումարից մոտ 1.135.000 ԱՄՆ դոլարը իրականում բարեգործական նպատակներին չուղղելու, չօգտագործելու, այդ գումարը ՙՍիվիլիթաս՚ հիմնադրամի հիմնադիր և նախագահ Վարդան Օսկանյանի ու նույն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տիգրան Կարապետյանի անվամբ բացված հաշվեհամարներին փոխանցելու, ինչպես նաև գումարների մի մասն անձնական նպատակներով ապօրինի օգտագործելու դեպքերով: Բացի այդ, Սիվիլիթաս հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրության և գործող օրենսդրության պահանջները, 2011թ. համար, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների, այդ թվում` Պոլիմեր Մատերիալս և Հանթսման Ինթերնեյշնլ կորպորացիաների կողմից բարեգործական նպատակներով հատկացված մոտ 2.000.000 ԱՄՆ դոլար գումարի վերաբերյալ հաշվետվության չի ներկայացրել: Քրեական գործով նշանակվել են հարկային ստուգումներ, ապրանքագիտական փորձաքննություն, կատարվում են հարցաքննություններ և այլ քննչական գործողություններ, միջոցներ են ձեռնարկվում դեպքի լրիվ հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելու համար: Նախաքննությունը շարունակվում է՚:

Այստեղ ԱԱԾ-ն ակնհայտ լույս սփռեց իրադարձությունների վրա, և այս ամենից պարզ է դառնում, որ պարոն Օսկանյանը իրոք որոշակի գործողությունների մասին առնվազն տեղյակ եղել է: Իսկ քաղաքական պատվեր լիենու վերաբերյալ ՀՀ վարչապետը լրագրողների հարցին արձագանքեց, որ վստահ է, որ որևէ քաղաքական պատվեր չկա: Հիշեցնենք, որ պարոն Օսկանյանը ՀՀ թվով երկրորդ ԱԳ նախարարն է, ում մեղադրում են փողերի լվացման մեջ: Ցանկացած դեպքում, եթե նա 2մլն ԱՄՆ դոլար է ունեցել իր ծրագրերի իրականացման համար և այդ գումարները չի օգտագործել այդ նպատակներով, ուրեմն տեղի ունեցածը կարելի է որակել, եթե ոչ փողերի լվացում, ապա` խարդախություն, ինչը Վարդան Օսկանյանին չի ազատում պատասխանատվությունից:

Նշենք նաև, որ ՀՀ օրենսդրությամբ հստակեցված է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների հասկացությունը: Մասնավորապես, ՙՓողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին՚ ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը նախատեսում է, որ փողերի լվացումը (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացումըª Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված արարքն է: ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ իր հաղորդակցության մեջ նշել էր, որ քննչական վարչության կողմից 25.05.2012թ. հարուցվել է քրեական գործª հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու /փողերի լվացում/ դեպքով, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն, հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված գույքի բռնագրավմամբ: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է նույն արարքին` առանձնապես խոշոր չափերով: Մեղքի ապացուցման դեպքում` Վարդան Օսկանյանին կարող են ազատազրկել մինչև 12 տարի ժամկետով: Ինչպես կավարտվի այս ամենը, կապրենք` կտեսնենք:

Արամ Ղազարյան