Նորություններ և իրադարձություններ » Տավուշի հակահարվածի անհրաժեշտությունն ու վտանգները

Վերջին օրերին մի կողմից Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, մյուս կողմից Ադրբեջանական Հանրապետության սահմանագծին ծավալվել են վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած, երևի թե, ամենաթեժ բախումները:

Մի քանի ադրբեջանական դիվերսիոն օպերացիա ու անընդմեջ կրակոցներ Նոյեմբերյանից մինչև Հորադիզ: Սա այն իրողությունն է, որով Հարավային Կովկասը դիմավորեց ու ճանապարհեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Հիլարի Քլինթոնին:

Ադրբեջանի կողմից իրավիճակի սրման հիմնական նպատակն է` հաստատել ԵԱՀԿ Մինսկի Խմբի անկարողությունը:

Ադրբեջանի կողմից տարբեր մակարդակներում շարունակում են հնչել Մինսկի Խմբի անկարողության մասին հայտարարությունները: Մինսկի Խմբից Ադրբեջանը սպասելիք չունի. հեռանկարում չի ակնկալվում Արցախը Ադրբեջանին ափսեի վրա հանձնումը, հայկական կողմը բոլոր հնարավոր զիջումների մասին վաղուց ի վեր հայտարարել է, այժմ Ադրբեջանի հերթն է: Զիջումները Ադրբեջանի կողմից բացառվում են թե´ երկրի բնակչության ծայրահեղ սուր ու ցավոտ վերաբերմունքի պատճառով, թե´ Ադրբեջանի ղեկավարության կողմից սեփական հզորության մասին միֆը տապալելու վտանգի պատճառով: Իրավիճակը, որի մեջ հայտնվել է Ադրբեջանը, փակուղային է, ու փակուղուց դուրս գալու լավագույն միջոց Ադրբեջանում տեսնում են ԵԱՀԿ համապատասխան կառույցը կազմալուծելու ու որևէ այլ միջազգային կազմակերպությանը փոխանցելու մեջ: Տարբերակը` գնալ որևէ զիջումների, էլ չասած Արցախի անկախությունը ճանաչումը, այսօր դասված է Ադրբեջանում անթույլատրելի տարբերակների շարքը:

Այլ կառույցների շարքում հիմնական տարբերակը ՄԱԿ-ն է, որի Անվտանգության Խորհրդին մեկ տարով անդամակցել է նաև Ադրբեջանը: Կասկած չկա, որ ամիսներ շարունակ ՄԱԿ-ում կատարվել են ու կատարվում են նախապատրաստական աշխատանքներ` գործընթացին հավեսով կպնելու ուղղությամբ:

Մինսկի խմբի քննադատությունը Ադրբեջանի կողմից միջազգային հարթակներում հնչում է վաղուց: Ու չափազանց հարմար պատրվակ էր Հիլարի Քլինթոնի այցը, ում Հայաստան ժամանելու օրը հենց տեղի ունեցավ երկու դիվերսիոն գործողություն Նոյեմբերյանի Բերդավան ու Իջևանի Չինարի գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմը տվեց 3 զոհ ու 6 վիրավոր:

Պետք է հասկանալ մեկ քաղաքական իրողություն. աշխարհի մեծ պետությունների ղեկավարությանը վայրկյան իսկ չի հետաքրքրում` ով է ում վրա հարձակվել, ով է զոհ տվել, ով վիրավոր, ով է արդար պայքարում, ով դավադրություն է իրականացնում: Մեծ տերությունները իրենց հետաքրքրություններն ու իրենց խաղն են խաղում տարածաշրջանում: Ու այդ խաղն այսօր ԱՄՆ-ին պարտադրում է Կովկասը զերծ պահել պատերազմից. առջևում են հնարավոր ռազմական օպերացիաները Սիրիայում ու Իրանում, որոնց դեպքում Կովկասում նոր պատերազմը անթույլատրելի կլինի` թե՞ այն պատճառով, որ էներգետիկ ներդրումները տարածաշրջանում վտանգի տակ կդրվեն, թե՞ որ իրական է հնարավորությունը, որ Ադրբեջանը լինի Իրանի դեմ ռազմական օպերացիայի հիմնական հարթակներից մեկը: