Հայտարարություններ » Ավելի կարևոր, քան Ազգային Ժողովը


Բարգավաճ Հայաստանի երկար ու հակասական ուղին դեպի Ազգային Ժողով, անկասկած, լի էր խոչընդոտներով ու թշնամական հերյուրանքներով: ԲՀԿ էվոլյուցիան չանցավ առանց ցավի. արդյունքը ժողովուրդը դեռ պետք է գիտակցի:
Կոալիցիա/ընդդիմություն/այլընտրանք տերմինների միջև շփոթության արդյունքում` այժմ անհասկանալի է` որպես ինչ է հանդես գալու Բարգավաճը նոր Ազգային Ժողովում: Կոալիցիա/ընդդիմություն/այլընտրանք հնարավոր ուղղություներից բացի, այժմ առաջ է քաշվել ևս մեկը. դառնալ քաղաքական դաշտից դուրս մի ուժ: Զարգացման այս ուղին որդեգրելու մասին հուշեց հենց ինքը` Բարգավաճ Հայաստանի ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով ներկա չէր Ազգային Ժողովի առաջին նիստին: Հենց առաջին նիստին բոլոր ներկա պատգամավորները, ըստ սահմանադրության, երդման արարողություն են կատարել` ստանձնելով պատգամավորական պարտականությունները: Գագիկ Ծառուկյանը` ներկայիս խորհրդարանի երկրորդ կուսակցության ղեկավարը, երդում չի տվել: Ինչպես լրագրողներին պարզաբանեց կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը` Գագիկ Ծառուկյանը ավելի կարևոր գործեր ուներ: Անհասկանալի է, ըստ սահմանադրության իրավունք ունի՞ պատգամավորը լինել պատգամավոր առանց երդումն ընդունելու: Ինչպես նաև անհասկանալի է` ինչ ավելի կարևոր գործեր կարող են լինել այն կուսակցության ղեկավարի համար, ում խոսքը գործ է, գործն էլ, երևի թե, օրենսդիր մարմնում ժողովրդի շահերը ներկայացնելն ու ձայնը լսելի դարձնելն է:
ԲՀԿ նման վերաբերմունքը Ազգային Ժողովին ընդօրինակում է նաև ԲՀԿ մեկ այլ ազդեցիկ անդամ` Վարդան Օսկանյանը, ով զբաղեցնելով իր տեղը խորհրդարանի առաջին շարքում, լսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը ու բարեմաղթանքները նորընտրիր Ազգային ժողովին` չցանկացավ նույնիսկ միանալ ընդհանուր ծափահարություններին: Հետաքրքրական է, որ նույն կերպ իրեն պահեց նաև Օսկանյանի կողքին նստած` ԲՀԿ ընդհանուր հոսքով Ազգային Ժողով անցած, նախկինում «երրորդ ուժի» ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանը: Ու նման քայլը դժվար թե բացատրվի քաղաքական խաղերով, հայացքներում արմատական հակասություններով կամ «այլընտրանք» դառնալու խիստ սուր ցանկությամբ: Յուրաքանչյուր այլ երկրում դա կդիտվեր որպես պարզապես անքաղաքավարություն, որին ոչ մի պատգամավոր երբեք չէր գնա:
Նման վերաբերմունքը Ազգային Ժողովին հատկանշական կլիներ ՀԱԿ-ին, բայց մի քանի տարի առաջ, երբ անընդունելի էր որևէ քաղաքական լծակներ ունենալը` թե Ազգային ժողովում, թե Երևանի ավագանու շարքերում: Մոտեցումը չափից շատ ծայրահեղական էր, ու միայն 4 տարի պահանջվեց ՀԱԿ-ից մտափոխվելու ու որոշելու` ստանձնել որոշակի լծակներ, գոնե ինչ-որ կերպ ազդելու համար քաղաքական որոշումների ընթացքի վրա: ԲՀԿ-ն խորհրդարանում է, սակայն վերաբերմունքն ու դիրքը նույնն է` արհամարհական ու անտարբեր:
Քանի տարի կպահանջվի ԲՀԿ-ից այժմյան ծայրահեղական «ալընտրանք» լինելուց դառնալու կառուցողական իրական ուժ, չգիտի ոչ ոք: Մաղթենք, որ գործընթացը չլինի երկար ու ժողովրդի բարօրության հաշվին:
Հիշեցնենք մեր ընթերցողներին, որ քաղաքական դաշտում այսօր գործում է որպես այլընտրանք` պետականամետ և կենտրոնաձիգ երրորդ ուժ, մասնավորապես` «Միավորված հայերը»  կուսակցությունը:

Սեդրակ Մկրտչյան