Եթե «Միավորված հայերը» չանցնի ԱԺ, ապա վերեւում էլ, ներքեւում էլ կլինի խավարի իշխանությունը

 

Այսօր գործող քաղաքական գործիչների գնացքը վաղուց գնացել է, ՀՀԿ-ի, ԲՀԿ-Ի, ՕԵԿ-ի խոստումները լսել ենք տարիներ առաջ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միավորված հայեր» կուսակցության քաղխորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը:

Նրա խոսքով՝ կուսակցությունների մեծ մասը ղեկավարվում է «Խաբիր ժողովրդին ինչքան կարող ես» կարգախոսով եւ տալիս են խստումներ, խոստումներ, խոստումներ:

«Օրենքի երկիր ինչպե՞ս կարելի է ստեղծել՝ հեռախոսներ բաժանելով, իսկ ում խոսքը գործ է, թող գնա գործով զբաղվի...»,- նշեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ովքե՞ր են խաբում ժողովրդին, նա մեջբերեց  ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի եւ մյուս կուսակցությունների ծրագրերից դրույթներ: «Օրենքի ուժը պատկանում է մեծահարուստներին, ստեղծված է վախի մթնոլորտ, մեկը վախենում է զրկվել աշխատանքից, մյուսը, որ բերքը կմնա անտեր»,- նշեց նա՝ հավելելով, որ թափանցիկ ընտրություններ կիրականացնեն նրանք, ովքեր ոչինչ չունեն կորցնելու եւ ԱԺ-ն պրոֆեսինոլաների տեղն է: Ռուբեն Ավագյանի խոսքով՝ Հայաստանը չունի ապագա, եթե չստեղծի միջին խավ, իսկ միջին խավը հենվում է փոքր եւ միջին բիզնեսի վրա:

Հարցին,թե ինչո՞ւ հենց այժմ ակտիվացան քաղաքական դաշտում, կուսակցության ղեկավարը նշեց, որ ՄՀԿ-ն 2000թ ուներ իր ծրագիրը, ունեցել է  նախագահի թեկածուն, եւ մասնակցել են բոլոր քաղաքական անցուդարձներին, իսկ այսօր մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, որովհետեւ դրանց արդար անցկացման նկատմամբ հավատը փոխվել է:

Հարցին, թե ինչո՞ւ պետք է հենց իրենց ընտրել, եթե չեն ճանաչում կուսակցությանը, ընտրակաշառք չի բաժանում եւ այլն, կուսակցության ղեկավարը պատասխանեց. «Ինձ լավ էլ ճանաչում են, ծրագիրն էլ գիտեն, ով պետք է»: Ռ. Ավագյանը վստահեցրեց, որ իրենց բացակայությամբ  շատ բան կկորցնի ԱԺ-ն, վերեւում եւ ներքեւում էլ կլինի խավարի իշխանությունը:

Անդրադառնալով տեղեկություններին, թե ՄՀԿ-ն մտել է խաղի մեջ որեւէ կուսակցության համար ձայն բերելու համար, Ռուբեն Ավագյանը պատասխանեց. «Իմ տարիքը եւ ճերմակ մազերը թույլ չեն տալիս մտնել խաղի մեջ»: Եթե անգամ ՄՀԿ-ը չանցնի խորհրդարան, ապա միեւնույն է, իրենք շարունակելու են կյանքի կոչել երրորդ ուժի գաղափարը: