«Միավորված հայեր»-ը հավատում է արդար ընտրությունների անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միավորված հայեր» կուսակցությունն իրեն համարում է պետականամետ ուժ: Ապրիլի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Ռուբեն Ավագյանը նշեց, որ քաղաքական համակարգը բաժանում են երեք խմբի` իշխանամետ, պետականամետ ուժերի եւ ընդդիմության:

«Մեր կարգախոսն է` Երրորդ ուժ, նոր ուժ, նոր դեմքեր: Մեզ մոտ պրոֆեսիոնալ տնտեսագետներ, քաղաքագետներ, իրավաբաններ են, որոնք կազմում են ցուցակի 70 տոկոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ավագյանը: Նրա համոզմամբ`  ԱԺ-ում խոսքը պետք է գործ լինի եւ օրենք: Կուսակցության նախըտրական ծրագրով առաջարկվում է նվազեցնել պատգամավորների թիվը խորհրդարանում մինչեւ 50 տոկոս, եւ հանել համամասնական ընտրակարգով նախատեսված ընտրագրավը: «Գիտակցում ենք, որ գալիս են նոր ժամանակներ, դրա համար էլ մտել ենք հոսող գետը: Մենք հանրահավաքային բանաձեւը չենք ընդունում»,-նշեց Ավագյանը: Նրա խոսքով` իրենց  քարոզարշավը կազմակերպում են շտաբերի եւ շրջիկ շտաբերի միջոցով: Բաժանվում են համապատասխան բուկլետներ եւ խոստումները տրվում են ծրագրերի շրջանակներում:

Արդար ընտրությունների դեպքում, Ավագյանը համոզմունք հայտնեց, որ կստանան ժողովրդի ձայնը: Հիմնվելով ՀՀ Նախագահի եւ վարչապետի տված խոստումներին, Հայաստանում տեղի կունենան արդար ընտրություններ:

Մայիսի 6-ին  Հայաստանում տեղի են ունենալու Ազգային ժողովի ընտրություններ: Նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է ապրիլի 8-ին, կավարտվի` մայիսի 4-ին: Ընտրություններին մասնակցում են ութ կուսակցություններ եւ կուսակցությունների մեկ դաշինք:

armenpress.am